Վրաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ սահմանային Կազբեգիի շրջանում բարձրակարգ խաղատուն է բացում, որն ազատված կլինի ամենամյա ֆիքսված հարկից, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով վրացական լրատվամիջոցները: Երկրի վարչապետ Վանո Մերաբիշվիլին արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Վրաստանում գործում են տասնյակ կազինոններ հանգստյան գոտիներում եւ այդ բիզնեսը բազմամիլիոն եկամուտ է բերում պետական գանձարանին: Ֆիքսված տարեկան հարկը տատանվում է 100 հազարից 5 մլն լարիի սահմաններում (մեկ դոլարը` 1,65 լարի):

Լրատվամիջոցները չեն հաղորդում Կազբեգիի շրջանում խաղատուն բացելու կառավարության որոշման դրդապատճառների մասին, սակայնվրացի փորձագետները հայտարարում են, որ դրանք ակնհայտ են: վերջին տարում ռուս զբոսաշրջիկների թիվը, որոնք Վրաստան են գալիս Կազբեգիի շրջանով (Վերին Լարսի անցակետ) շուրջ 2 անգամ ավելացել է: Բացի այդ, բարձրլեռնային այդ շրջան տուրիստներ են այցելում նաեւ այլ երկրներից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում խաղատները թույլատրված են միայն որոշ հատուկ գոտիներում` Ալթայի երկրամասում, Կալինինգրադի մարզում, Կրասնոդարի եւ Ռոստովի մարզերում, ինչպես նաեւ Պրիմորյեում: