Թուրքիայում ինտերնետի գրաքննության արդյունքում տարվա սկզբից ի վեր փակվել է ավելի քան 4,4 հազար կայքերի հասանելիությունը: Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, արգելափակված կայքերի թիվն օրեցօր աճում է` հասարակությունում մամուլի եւ տեղեկատվության ազատության մասին շարունակվող բանավեճերի ֆոնին:

Առավել մեծ թվով կայքեր արգելափակվել են Թուրքիայի հեռահաղորդակցության վարչության որոշումներով: Խոսքը տարբեր բովանդակության շուրջ 17 հազար ռեսուրսների մասին է: Հիմնականում արգելքի տակ են պոռնոկայքերը, սակայն արգելափակվում են նաեւ որոշ այլ կայքեր` ծայրահեղական կամ հակաթուրքական բովանդակությամբ:

Թուրքիայում կայքեր արգելափակելու իրավունք ունեն նաեւ դատարաններն ու դատախազությունը: Այդուհանդերձ, այս կառույցների կողմից արգելափակվել է 20 հազար ինտերնետ ռեսուրսների ընդամենը 9 տոկոսը, այդ թվում նաեւ ռուսական «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը, որը Թուրքիայում փակ է մայիսի 5-ից:

Ի թիվս այլոց, Թուրքիայում արգելափակվում են Twitter-ի միկրոբլոգների հայտնի հաշիվները: