«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը այսօր՝ ժամը 13.00-ին, ԱԺ-ի մոտ ակցիա է անցկացրել`  ԱԺ արտահերթ նստաշրջան անցկացնելու պահանջով (ֆոտոռեպորտաժ):

Նախաձեռնության անդամները ողջունում են ԱԺ արտակոալիցիոն 4 խմբակցությունների՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը եւ Աժ պատգամավորներին կոչ են անում միանալ նախաձեռնությանը: Նրանք համարում են, որ այն բոլոր պատգամավորները, որոնք իրենց ստորագրությունը չեն դնի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի տակ, նպաստած կլինեն «Հարսնաքարի» գործի կոծկմանը, Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատի եւ անձեռնմխելիության պահպանմանը:

Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ական պատգամավորների մեծ մասը Հայաստանից դուրս է եւ չի կարող ստորագրել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ձեւաթղթի տակ, հիշեցրեց, որ պատգամավորների արձակուրդն գտնվում է հուլիսի 15-ից եւ նրանք պարտավոր էին ներկա լինել: Նա նշեց, որ իրենք պահանջում են պատգամավորներին վերադառնալ Հայաստան եւ ստորագրել ձեւաթղթի տակ: «Եթե չհասցնեն, թող վաղը վերադառնան եւ նմանատիպ նախաձառնությամբ արդեն իրենք հանդես գան»,-ասաց Սանասարյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով դուրս եկավ ԱԺ-ից եւ մոտեցավ ակցիայի մասնակիցներին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ոչ միայն միանում են ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը, այլ իրենք համահեղինակներից են նախաձեռնության: Նա հավաստիացրեց, որ «Ժառանգության» բոլոր պատգամավորները կստորագրեն նախաձեռնության տակ: «Մի փոքր խնդիր կա Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված, քանի որ նա Հայաստանում չէ, բայց եթե հասցնի կվերադառնա մինչեւ ժամը 18-ը եւ կդնի իր ստորագրությունը»,-ասաց Ռ. Հակոբյանը, հավելելով, որ էլեկտրոնային ստորագրություն օրենքով նախատեսված չեն:

«Ժառանգության» ներկայացուցիչը հայտարարեց, որ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցով իրենք ՀԱԿ-ի հետ խորհրդակցություններ են անցկացրել, որոշ առաջարկներ ունեն եւ իրենց համար անակնկալ էր երեկվա Լեւոն Զուրաբյանի ասուլիսը:

Վերջում, Ռ. Հակոբյանն ասաց, որ չի հավատում, որ 44 ստորագրություն կհավաքվի, քանի որ առանց ԲՀԿ խմբակցության պատգամավորների դա տեխնիկապես հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ընթանալու է արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի ստորագրման գործընթացը, ուստի բոլոր քաղաքացիներին նախաձեռնության մասնակիցները կոչ են անում ժ. 13:00-ին մասնակցել ԱԺ-ի մոտ կայանալիք ակցիային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասված է, թե «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» եւ «Ժառանգության»  խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները որոշում ենք այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին  հրավիրել Աժ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»: Ի դեպ, չորս խմբակցությունները միասին ունեն 54 պատգամավոր: