Սիրիական Համ նահանգի Աթ-Թրեմսե գյուղի բնակիչների խնդրանքով իրավասու մարմինները բնակավայրը ահաբեկիչներից ազատագրելու հատուկ գործողություններ են ձեռնարկել:
Ինչպես տեղեկացնում է սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների արդյունքում ոչնչացվել եւ ձերբակալվել են մի քանի ահաբեկիչներ: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք, այդ թվում` Իսրայելական արտադրության ինքնաձիգներ: Տեղացիները հաղորդել են, որ գրոհայինները ներխուժել են գյուղ` սպանելով խաղաղ բնակիչներին եւ մի քանի տուն պայթեցնելով: Գյուղի բնակիչ Աբու Արեֆ Խալեդը հեռախոսով սիրիական պետական հեռուստաընկերությանը պատմել է, որ զինված գրոհայինները ներխուժել են գյուղ, սպանել 50-ից ավելի մարդու, պայթեցրել են մի քանի տուն, այդ թվում` իր եղբոր տունը:
Միաժամանակ, Արեւմտյան, թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով անանուն ընդդիմադիրներին եւ իրավապաշտպաններին, Աթ-Թրեմսեի միջադեպի հետ կապված հաղորդում են զինվորականների գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչների սպանվելու մասին` ավանդաբար առանց որեւէ ապացույց ունենալու:
Իսկ սիրիական պաշտոնական աղբյուրը նշել է, որ բամբասանքով զբաղվող հեռուստաալիքները Համ նահանգի Աթ-Թրեմսե գյուղի դեպքերի համախոհներ են: Աղբյուրը նշել է, որ տպավորություն է ստեղծվում, թե Ստամբուլում, Լոնդոնում, Բեռլինում, Բրյուսելում, Դոհայում եւ մի քանի այլ մայրաքաղաքներում վաղօրոք գիտեին ինչ է կատարվելու եւ միաժամանակ սկսել էին իբրեւ թե սիրիացի զինվորականների կողմից իրագործվող արյունահեղությունների ցուցադրման շարքը:



























