Հնդկական Ութար Պրադեշ նահագի մահմեդական բնակչությամբ Ասարա գյուղի  ավագների խորհուրդը տեղի բնակիչներին արգելել է սիրելով ամուսնանալ` սպառնալով արտաքսել, գրում է The Daily Mail-ը:

«Սիրո վրա հիմնված ամուսնությունները մեր հասարակության ամոթն են: Դրանք ցավագին են անդրադառնում երիտասարդների ծնողների վրա, հատկապես աղջիկների, քանի որ վնաս են հասցնում նրանց հեղինակությանը», - հայտարարել է արգելքի նախաձեռնողներից Սաթար Ահմեդը, հաղորդում է NEWSru.com-ը:

Իհարկե, դա միակ արգելքը չէ, որ սահմանել են գյուղի իշխանությունները: Մինչեւ 40 տարեկան բոլոր կանանց եւ աղջիկներին արգելվել է առանց ուղեկցության երեւալ հասարակական վայրերում: Նրանց նաեւ  պարտավորեցրել են գլխաշորեր կրել եւ արգելել են բջջային հեռախոսներ կիրառել: Այդ բոլոր հրեշավոր միջոցներն ավագները բացատրում են գյուղի բնակչուհիների անվտանգության պահպանմամբ:

Սակայն այդ  բացատրությունները չեն բավարարել կին-ակտիվիստուհիներին ինչպես նահանգում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ըստ կանանց համահնդկական դեմոկրատական ասոցիացիայի ղեկավար Մադհու Գարգի` երկրի կառավարությունը պետք է անմիջապես միջամտի այդ գյուղի իրավիճակին եւ վերացնիի միջնադարյան կարգերը, գրում է  The Times of India-ն: