Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի ( Henri Reynaud) հարցազրույցը NEWS.am լրատվական գործակալությանը` նվիրված Ֆրանսիայի Ազգային տոնին` Բաստիլի գրավման օրվան.
Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման դինամիկան:
Ֆրանս-հայկական հարաբերությունների դինամիկան անընդմեջ եւ նոր ուժով հաստատվում է բոլոր ոլորտներում՝ հատկապես 2011-ին ՀՀ նախագահի Ֆրանսիա եւ Ֆրանսիայի նախագահի Հայաստան, ինչպես նաեւ Փարիզի եւ Լիոնի քաղաքապետերի Երեւան կատարած այցերից հետո: Քաղաքական ոլորտում Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում աշխատում է ԼՂ հակամարտության կարգավորման լուծում գտնելու ուղղությամբ: Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Ֆրանսիայի նախագահը հաստատեց իր հանձնառությունը հայոց ցեղասպանութան ժխտումը քրեականացնելու առնչությամբ: Տնտեսական առումով, Ֆրանսիան շարունակում է մնալ արեւմտյան թիվ մեկ ներդրողը Հայաստանում: Ավելին, ֆրանսիական ձեռնարկությունները գործունեություն են ծավալում Հայաստանում: Զարգացման ֆրանսիական գործակալության շնորհիվ, որի գործունեության ոլորտում այսուհետ ընդգրկված է նաեւ Հայաստանը, նոր զարկ կտրվի տնտեսական համագործակցությանը: Ինչ վերաբերում է Հայաստանում ֆրանսիական համալսարանին, ապա այն հաջողություններ է գրանցում, այդ թվում նաեւ աշխատանքի շուկայում: Աշխատում ենք նաեւ այսօր պակասող օղակի՝ ֆրանս-հայկական վարժարան ստեղծելու ուղղությամբ, որի միջոցով կապահովվի մանկապարտեզից մինչեւ համալսարան ֆրանսերենով իրականացվող կրթական ամբողջական ցանց: Սա այն ժամանակ, երբ Հայաստանը պատրստվում է համալրել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շարքերը դառնալով վերջինիս լիիրավ անդամ :
Ֆրանսիացի ժողովուրդը պայքար սկսեց մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների համար ավելի քան 200 տարի առաջ: Այդ իմաստով Հայաստանի ժողովուրդը սովորելու բան ունի: Ինչպե՞ս է ընթանում համագործակցությունն այդ ուղղությամբ:
Մարդու իրավունքներ ասելով ենթադրվում են մարդու անքակտելի համամարդկային իրավունքները, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: Ճիշտ է նաեւ, որ այդ հասկացությունը ծննունդ է առել 18-րդ դարում Ֆրանսիայում եւ որ բազում երկրներ Ֆրանսիան համարում են Մարդու իրավունքների հայրենիքը: Իրավական պետությունը եւս սերտորեն առնչվում է Մարդու իրավունքների հարցին:
Այս ոլորտում ֆրանս-հայկական համագործակցությունը տարբեր ձեւերով է դրսեւորվում. խոսքի ազատության եւ տեղեկատվության մասին սեմիրարների դ՛Ալամբեր հիմնադրամի մասնակցությամբ, գիտաժողով հաշտեցման հարցերի շուրջ: Մեր օժան- դակությունն ենք ցուցաբերում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության մասնագիտացման հարցերով Ֆրանսիա վերապատրաստման մեկնող երիտասարդ փաստաբաններին: ԵԱՀԿ օժանդակությամբ օգնել ենք նաեւ Հայսատանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշ աշխատակիցների՝ հետեւելու վերջերս ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրություններին: Վերջապես, ՀՖՀ-ի ուսանողները եւ Հայաստանում տնտեսվարող ֆրանսիական ձեռնարկություններն իսկ ժողովրդավարության արժեքների կրողներն են:
Ֆրանսիայի եւ Հայաստանի ժողովուրդները փոխադարձ համակրանք եւ բարեկամական զգացմունքներ են տածում: Ինչպիսի՞ ծավալով ապրանքաշրջանառություն է իրականացվում երկու երկրների միջեւ, ֆրանսիական կամ խառը կապիտալով որքա՞ն ընկերություններ կան Հայաստանում:
Աշխուժանում են նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով դանդաղած ֆրանս-հայկական առեւտրային փոխանակումերը: 2010թվի 44 միլիոն եւրոյի համեմատ, 2011-ին վերջիններիս ծավալները հասել են 59 միլիոն եւրոյի: Անցյալ տարի գրանցվել է 15 միլիոն եւրոյի արտահանում Հայաստանից Ֆրանսիա, իսկ Ֆրանսիայից դեպի Հայաստան՝ 44 միլիոն: Տարվում են վերջիններիս ընդարձակմանն ուղղված աշխատանքներ:
Հայաստանում հաշվվում են շուրջ 150 ֆրանսիական ձեռնարկություններ: 20-ից ավելի (24) ֆրանսիական ընկերություններ մասնակի կամ ամբողջությամբ մասնակցում են հայկական ձեռնարկությունների կապիտալին: Բավական է նշել ֆրանսիական Պերնո-Ռիկար, Կրեդի Ագրիկոլ եւ Օրանժ, Էր Ֆրանս, Սոր եւ Վեոլիա ընկերություններւի անունները:
Հայաստանի քանի՞ քաղաքացիներ են այցելել Ֆրանսիա տարվա սկզբից: Ֆրանսիայի քանի՞ քաղաքացիներ են այցելել Հայաստան:
Զարգանում է նաեւ զբոսաշրջությունը Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ: Ֆրանսիայի հայ համայնքի միջոցով նոր թափ է հաղորդվում զբոսաշրջությանը, սակայն սրան զուգահեռ Ֆրանսիայում ստվարանում են Հայաստանով հետաքրքրվող մարդկանց շարքերը: Հայաստան գալով նրանք բացահայտում են այս երկիրը պատմամշակութային իր ողջ հարստությամբ, հիանում այս երկրի հետ իրենց հանդիպումով:
Սա քաջալերանք է Հայաստանին ավելի ու ավելի արժեւորելու տուրիստական բացառիկ ներուժը, որով նոր հնարավորություններ են բացվում զբաղվածության, զարգացման եւ տնտեսական աճի համար:
Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, ինչպես է վերաբերվում Ադրբեջանի մերժմանը` ետ քաշել դիպուկահարներին եւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծել: Ձեր վերաբերմունքը Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքին:
Գոյություն չունի ԼՂՀ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհով լուծում: Դա հաստատեցին Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Վան Ռոմպեյը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Զանիերը՝ վերջերս Երեւան կատարած այցերի ժամանակ: Ուստի պետք է անխոնջ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհով բանակցված լուծում գտնելու ուղղությամբ, ինչպես կողմերին հորդորեցին նաեւ համանախագահող երկրների նախագահները Լոս Կաբոսում արված վերջին հայտարարության մեջ: Այս առումով, պետք է միջոցներ ձեռնարկվեն ուղղված վստահության հաստատմանը, ինչպես դա որոշվել է 2011-ին Սոչիի գագաթնաժողովի ընթացքում, որոնք թույլ կտային կողմերին դիրքերի մոտեցման ճանապարհով հանգելու պայմանագրի: Պետք է աշխատել վստահություն ձեռք բերելու ուղղությամբ, պետք է ընտրել երկխոսության, ոչ թե առճակատման ճանապարհը: Հարավկովկասկան տարածաշրջանի ապագայի հեռանկարը միայն այս կերպ կուրվագծվի:
Չնայած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները չշաղկապելու բազմակի կոչերին` Թուրքիան շարունակում է անել դա` հրաժարվելով կատարել պայմանավորվածություններն ու վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Ինչպե՞ս է Ֆրանսիան վերաբերվում ԵԱՀԿ անդամ-երկրի նման վարքին, որ շարունակում է շրջափակման ենթարկել Կազմակերպության մեկ այլ անդամի:
Հայ –թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծագույն գերակայություն է: Հարկավոր է, որպեսզի հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ բացվեն սահմանները: Հրատապ է 2009-ին ստորագրված ու մեծ հույսերի տեղիք տված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Միայն այս ճանապարհով հնարավոր կլինի հող ստեղծել շփումների եւ փոխանակումների համար, հետո արդեն բացել հաշտեցման դուռը երկու երկրների միջեւ: Իրականում Ֆրանսիայի եւ Գրեմանիայի օրինակը ցույց է տալիս, որ չապաքինվող վերք չկա: Արժե խորհել Ֆրանս-գերմանական հաշտեցման հիսնամյա պատմություն մասին:
Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, եւ, մասնավորապես, Հայաստանի եվրոինտեգրմանը Ֆրանսիայի աջակցելուն:
Հայաստանն ընտրել է եւրոպական մոդելը՝ ստանձնելով ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացը: Զգալի առաջընթաց են գրանցել ասոցացման համաձայնագրի բանակցությունները: Գոհացնող են վիզային ռեժիմի հեշտացման եւ հետընդունման համաձայնագրի վերաբերյալ գործընթացները: Այս գարնանից ծավալվել են խորը եւ համապարփակ ազատ առեւտրի վերաբերյալ բանակցություններ: Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է: Իր հերթին էլ Ֆրանսիան, երկկողմ համագործակցության համատեքստում, անվերապահորեն սատարում է Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացին:
Մարիամ Լեւինա



























