Ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշեւի «Տունդրայի գիրք. պատմություն Վուկվուկայի փոքրիկ քարի մասին» վավերագրական ֆիլմը, որ ընդգրկվել է «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Վավերագրական կինո» մրցութային ծրագրում, պատմում է եղջերաբույծ չուկչաների կյանքի մասին:
«Շատ նյութեր կան էվենկների, խանտերի, մանսերի մասին, իսկ չուկչաների մասին` ոչ: Ես փորձել եմ լրացնել այդ բացը: Ես ուզում էի այդ մարդկանց արտահայտվելու, իրենց հույսրի, ամենօրյա կյանքի եւ խնդիրների մասին պատմելու հնարավորություն տալ»,- ասել է Վախրուշեւը Երեւանում հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում:
Ռեժիսորը խոստովանել է, որ այնպիսի ֆիլմ էր ուզում նկարել, որը զարմանք ու հարգանք կհարուցեր հին ու յուրահատուկ մշակույթով այդ մարդկանց նկատմամբ: «Ֆիլմի թողարկումից հետո ես մշտապես զգում եմ հանդիսատեսի զարմանքն ու ոգեւորությունը: Սա մեծ երջանկություն է»,- ասելէ Վախրուշեւը` հավելելով, որ ուզում է օգնել այդ ժողովրդին:
Նշենք, որ Ալեքսեյ Վախրուշեւը վավերագրական ֆիլմերի շարք է նկարել` նվիրված Ռուսաստանի հյուսիսի ժողովուրդներին:
«Տունդրայի գիրք. Պատմություն Վուկվուկայի փոքրիկ քարի մասին» վավերագրական ֆիլմը բազմաթիվ կինոփառատոնների մրցանակակիր է: 72-ամյա Վուկվուկայը Ալյասկայի Բերինգի նեղուցի ափով եղջերուների նախիր է քշում, եւ դրանից կախված է նրա ընտանիքի բարեկեցությունը:




























