Մայրաքաղաքում որակապես բարելավվել է հասարակական կարգի պահպանումը, փոխվել են հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների սկզբունքներն ու գործելակերպը, ձեռնարկվել են միջոցառումներ հանցավոր խմբերի արագ հայտնաբերման ու վնասազերծման ուղղությամբ, աշխատանքում շեշտը դրվել է համայնքների հետ ոստիկանության համագործակցության ամրապնդման, համատեղ աշխատանքների կազմակերպման վրա: Այդ մասին զեկուցվել է երեկ` հուլիսի 13-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում 2012 թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցությունում, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Հաշվետու զեկույցով հանդես է եկել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Համաձայն ներկայացված տվյալների` անցած վեց ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 3706 հանցագործություն, որը 550 դեպքով պակաս է նախորդ տարվանից, ծանր հանցադեպերի քանակը նվազել է 1123 դեպքով, առանձնապես ծանրերը` 23-ով: 683 դեպքով նվազել են քրեական հետախուզության գծով հաշվառված, 65 դեպքով` տնտեսական գործունեության դեմ ուղղված, 304-ով` սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 221 դեպքով: 2012 թ. առաջին կիսամյակում թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 175 անձ, որոնցից 90-ը ազատազրկվել, իսկ 70-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության: Առգրավվել է 966.6 գրամ ափիոն, 1.32 գրամ հերոին, 1356 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութեր: Օպերատիվ-հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ առգրավվել ու հանձնվել է բնակչության մոտ ապօրինի պահվող 123 միավոր հրազեն: Բացահայտման աշխատանքների արդյունավետությունն աճել է ինչպես բոլոր, այնպես էլ` քրեական հետախուզության գծով` կազմելով 83 եւ 79,4 տոկոս: Հաշվետու շրջանում 4 դեպքով նվազել են նաեւ մահվան ելքով վթարները, իսկ պատահարների բացահայտման արդյունավետությունն աճել է` կազմելով 95,5 տոկոս:
Անդրադառնալով զեկույցում տեղ գտած խնդիրներին` ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշել է Երեւանի կայազորի գործունեության առաջնահերթությունները: Ոստիկանապետը ուշադրություն է հրավիրել նաեւ կադրային խնդիրների վրա եւ կոչ արել առանձնապես ուշադիր լինել շարքային կազմի հանդեպ, ընտրել լավագույններին:
Վլադիմիր Գասպարյանը, ամփոփելով խորհրդակցությունը, հիմնականում դրական է գնահատել Երեւան քաղաքի վարչության ստորաբաժանումների 2012 թ. առաջին կիսամյակի օպերատիվ -ծառայողական գործունեության արդյունքները;



























