Հուլիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր եւ Լոռիի մարզային վարչությունների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ կազմակերպված դարանակալումների շնորհիվ հայտնաբերել, վնասազերծել եւ բերման են ենթարկել անցյալ տարի Արագածոտնի մարզում աղմկահարույց սպանություն կատարած` Լոռիի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչներ, եղբայրներ ` 32-ամյա Դավիթ եւ 21-ամյա Գեւորգ Անանյաններին:
Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք հանցավոր համաձայնության էին եկել մյուս եղբոր` Ռուստամի հետ, մանրամասն պլանավորել եւ 2011 թվականի ապրիլի լույս 27-ի գիշերը զինված գրոհել էին Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող բենզալցակայաններից մեկը: Գողացված 500լ դիզելային վառելիքն ու բենզինը բարձել էին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան եւ փորձել աննկատ հեռանալ: Բայց չէին կարողացել. բենզալցակայանի սեփականատերը` Վահե Միրզոյանը, տեսել էր նրանց եւ եղբոր` Գարիկի հետ իր անձնական «Միցուբիշի» ավտոմեքենայով հետապնդել: Պռոշյան գյուղի մոտակայքում Անանյան եղբայրները կրակել էին իրենց հետապնդող Միրզոյան եղբայրների ուղղությամբ: Արդյունքում Գարիկը մահացել էր, իսկ Վահեն վնասվածքներ ստացել:
Անանյաններից Ռուստամը ձերբակալվել էր եւ այժմ իր պատիժն է կրում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ Դավիթն ու Գեւորգը փախուստի մեջ էին:


























