Հուլիսի 13-ին, ժամը 04.55-ին, «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակցից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ երկու դիմակավորված անձինք մտել են կապի հանգույց եւ գողացել բջջային հեռախոսներ:
Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, 2 դիմակավորված անձինք բաց պատուհանից մուտք են գործել ընկերության գրասենյակ, դանակի եւ պտուտակահանի սպառնալիքով` հանգույցի անվտանգության աշխատակցին կպչուն ժապավենով կապել են աստիճանավանդակից եւ վաճառասրահի պահարաններից հափշտակել տարբեր մոդելների բջջային 11 հեռախոս եւ «Նոութբուք» տեսակի 3 համակարգիչ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգքրի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դիմակավորված անձանցից մեկը 1990 թ. ծնված Վարդան Ս.-ն է, որը նույն օրը, ժամը 14.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հափշտակվածն առգրավված է, Վարդան Ս.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակից մյուս անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:


























