Հայաստանում նեֆելինյան սիենիտների հետազոտված պաշարները կազմում են 457 մլն տոննա  եւ 807 հազ. խմ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների օգտակար ռեսուրսների գործակալությունից: Հանրապետությունում գրանցված է նեֆելինյան սիենիտների երկու հանքավայր` Կոտայքի մարզի Թեժսարի  եւ Սյունիքի մարզի Ալվանքի տարածքներում: Նեֆելինյան սիենիտներ են հայտանաբերվել նաեւ Շվանիձորի հանքավայրում, որտեղ «Հանրապետական երկրաբանական հիմնադրամի» կողմից պաշարները 1 մլրդ տոննա են գնահատվում:

Թեժսար հանքավայրի պաշարները А, B եւ C1 կատեգորիաներով կազմում են  457 մլն  164.35 հազ, տոննա,  այդ թվում` 54 մլն 106 հազ. А կատեգորիայով, 141 մլն 688.87 հազ.` B եւ 261 մլն 369.44 հազ.` C1 կատեգորիայով:

Ալվանք հանքավայրի պաշարները գնահատվում են 807.4 հազ. խմ C1 կատեգորիայով:

Ինչպես տեղեկացրեցին նախարարությունից,  2012 թ. մարտին Թեժսարի շահագործման վերաբերյալ հայտ է ներկայացրել «Alumina Corporation» ընկերությունը: Իսկ  2011 թ. մայիսին Շվանիձորի հանքավայրում  հետազոտական աշխատանքներն է սկսել «Արալաուն» ընկերությունը:

Նեֆելինյան սիենիտները հումք են հանդիսանում կավահողի (Al2O3) եւ մետաղական ալյումինի համար: