Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` հուլիսի 14-ին, կայացել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը: Այսօր ի վերջո իր մեղադրական ճառն ավարտել է մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, ով դատավորին խնդրել է Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի 6 ամիս, իսկ Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ազատազրկման: Մարտիրոսյանն առաջարկել է Դավիթ Քիրամիջյանի պատիժը պայմանականորեն չկիրառել:

Դատական հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 19–ին, երբ ՀԱԿ ակտիվիստներն ու նրանց փաստաբանները ներկայացնելու են պաշտպանական ճառերը:

Նշենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել: