Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին կայացած ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում դեռեւս ոչ մի կասկածյալ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից:
Չկան նաեւ ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է, կատարվում են փորձաքննության եզրակացությունից բխող անհրաժեշտ գործողություններ:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում այս գործով սպասվում են նորություններ:
Նշենք, որ օրերս ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ-ն ստացել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի վերջին համերգ-հանրահավաքի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը: ՀԿԳՎ ղեկավար Արսեն Այվազյանը նշել է, որ ըստ փորձաքննության եզրակացության` բոլոր` մոտ 7 հազար փուչիկներում: իրականում մեթան տեսակի գազ է լցված եղել: «Արդեն պարզ է, թե ովքեր են լիցքավորել, ինչպես եւ որտեղ է լիցքավորվել: Ծխախոտից, ըստ եզրակացության, նման պայթյուն չէր առաջանա: Եզրակացության մեջ ուղղակիորեն գրված է, որ պայթյունը տեղի է ունեցել բաց կրակի ներգործությամբ»,- նշել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ: Դրանից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան հրավիրված Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերն վիրահատել էր փուչիկների պայթյունից տուժած 9 հիվանդի: Փուչիկների պայթյունից տուժած վերջին հիվանդը հուլիսի 2-ին, դուրս է գրվել հիվանդանոցից:


























