Երևանի ճանապարհների  ասֆալտապատման  աշխատանքների հիմնական փուլը կավարտվի մինչև հուլիսի 15-ը: Այդ մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում հայտարարեց  Երևանի քաղաքապետարանի  շինարարության և բարեկարգման  բաժնի պետ Ֆելիքս Յայլոյանը:

Նրա խոսքով,  հիմնական կապիտալ աշխատանքները կավարտվեն այդ ժամկետում, իսկ ծրագրի մնացած մասը կիրականացվի սեպտեմբերին:Ինչպես նշեց զրուցակիցը,  ասֆալտապատման ծրագրի շրջանակներում  կատարվել  են  1 մլն 700 հազար քմ մակերեսով վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, այդ թվում նաև 630 հազար ք մ փողոցներ և ճանապարհներ: «Լիովին ավարտվել են աշխատանքները Բաղրամյան, Խանջյան, Կողբացու, Բաբաջանյան, Աճառյան, Մյասնիկյան փողոցներում, մասամբ Սարյան, Պուշկինի և մի շարք այլ փողոցներում: Պարոնյանի, Պրոշյանի  և մի քանի այլ փողոցներում տեղադրվում են հենապատեր», - նշել է Յայլոյանը, ավելացնելով, որ բուն ասֆալտապատումից բացի աշխատանքներ են տարվել  տրամվայի ուղիների ապամոնտաժման ուղղությամբ, օրինակ, Բագրատունյաց փողոցում:

Աշխատանքները տարվում են  Երևանի քաղաքապետարանի  պատվերով, դրանց կատարումը իրենց վրա են վերցրել մրցույթը շահած կապալառու ընկերությունները`  «Սահակյանշին»,  «Խաչար», «Վահագն և Սամվել», «Նարիմանյան» և ուրիշներ: «Ես չեմ հիշում, որ Երևանում երբևիցէ  իրականացվեր այսպիսի մասշտաբային ծրագիր», - նշել է Յայլոյանը: