Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լեւոն Միքայելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 13-ին, դպրոցի տնօրենից 40 հազար դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը: Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու եւ խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: