ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2012թ. 1-ին կիսամյակում քննվել է 119 քրեական գործ, որոնցից 28-ը՝ 55 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 37 քրեական գործ ուղարկվել է ըստ ընդդատության, կարճվել է 16 քրեական գործ, կասեցվել է` 5-ը, միացվել է վարույթում եղած քրեական գործերին` 5-ը, եւս 28 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին նշվել է հուլիսի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որին մասնակցել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազները եւ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նշված ժամանակահատվածում վարույթում քննված 119 քրեական գործից 28-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից 7-ը՝ 20 անձի նկատմամբ /14-ը` պաշտոնատար անձ/, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատի տրված 14 պաշտոնատար անձանցից ըստ բնագավառների եւ զբաղեցրած պաշտոնների եղել են 13 ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` ՊՊՎ ոստիկաններ`4-ը, բաժնի պետի տեղակալներ` 3-ը, տեղամասի տեսուչներ` 2-ը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ՀԿԳ ավագ քննիչ, հետաքննիչ, ՔՀԲ օպերլիազոր` 1-ական, ինչպես նաեւ ԵՊՀ գրադարանի բաժնի վարիչը:
ՀՔԾ-ն ստացել է 396 դիմում , որոնցից 148-ը կցվել է քրեական գործերին, նյութերին, վարույթներին, 2-ով հարուցվել է քրեական գործ, 25-ով նախապատրաստվել են նյութեր (որոնցով քրեական գործի հարուցումը մերժվել է), 126-ն ուղարկվել է այլ մարմին` ըստ ընդդատության, 86-ին տրվել է պարզաբանում, 7 դիմումի չի պատասխանվել (թողնվել է անհետևանք, դիմումատուի հետ թղթակցությունը դադարեցվել է ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության և գործավարության կարգի 37-րդ կետի համաձայն` նույնաբովանդակ, կրկնվող դիմումների մեջ նոր փաստեր չներկայացնելու, իսկ նախապես ներկայացված փաստերն արդեն իսկ ստուգված և սպառիչ պատասխան տրված լինելու պատճառով), 2-ը գտնվում է ընթացքի մեջ:




























