Արեւելյան Թիմորում (Հարավ-Արեւելյան Ասիա) հուլիսի 15-ին զանգվածային անկարգություններ են սկսվել, որոնք ուղեկցվել են վանդալիզմի դրսեւորումներով: Փողոց դուրս եկած ցուցարարները քարեր են նետել տասնյակ մեքենաների վրա` մայրաքաղաք Դիլիում եւ հարձակվել ոստիկանների վրա: Վերջիններիս թվում վիրավորներ կան: Սակայն ոստիկաններին հաջողվել է իրավիճակը վերցնել վերահսկողության տակ եւ վերականգնել հասարակական կարգը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, անկարգությունների պատճառ է դարձել ընտրություններում հաղթած «Ազգային Կոնգրես հանուն Արեւելյան Թիմորի վերածննդի» կուսակցության որոշումը` կոալիցիա չկազմել «Հեղափոխական ճակատի» հետ: Վարչապետ Ժոզե Ալեշանդրի Գուժմաուի կուսակցությունը ստանալու է խորհրդարանի 65 մանդատներից 30-ը, իսկ «Հեղափոխական ճակատը»` 25 մանդատ: Կառավարող կուսակցությունը կոալիցիա է առաջարկել խորհրդարան անցած մյուս երկու կուսակցություններին`«Հեղափոխական ճակատին» ձեռնունայն թողնելով: Վերջինիս կողմնակիցներն էլ դուրս են եկել փողոց:



























