Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո առաջին անգամ բացվել են լողափերը: Համանուն նահանգի իշխանություններն այդ իրադարձությունը նվիրել են Ծովի օրվան, որը Ճապոնիայում նշվում է հուլիսի 16-ին:

Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», վերջին չափումների արդյունքում ծովի ջրում ռադիոնուկլիդներ չեն հայտնաբերվել, իսկ օդի ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է:

Բոլոր ափերը, ինչպես նաեւ բաց լողավազանները փակվել էին «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ողբերգությունից հետո մթնոլորտում եւ ծովի ջրում  ռադիացիայի մեծաքանակ արտահոսքի պատճառով:

Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի 11-ի աղետալի երկրաշարժի, ինչպես նաեւ նրան հաջորդած ցունամիի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի էր ունեցել լուրջ վթար, որը հանգեցրել էր ռադիացիայի արտահոսքի: Այդ աղետը դարձավ ամենախոշորը Չեռնոբիլի ժամանակներից ի վեր եւ հանգեցրեց տասնյակ հազարավոր տեղական բնակիչների տարհանման եւ ԱԷԿ-ի շուրջ 20 կմ շառավղով արգելված գոտի ստեղծելուն: