Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում հուլիսի 15-ին ողբերգություն է տեղի ունեցել: 41-ամյա մայրը 5-րդ հարկի պատուհանից դուրս է նետել իր որդուն, ապա ինքն էլ հետեւից ցած է նետվել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Արխանգելսկի եւ Նենեցական ինքնավար օկրուգի վարչությունը, մայրն ու որդին կենդանի են մնացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Տղան ընդամենը 7 տարեկան է:
Հարուցվել է քրեական գործ անչափահասի սպանության փորձի հատկանիշներով, որը ենթադրում է մինչեւ ցմահ ազատազրկում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նմանատիպ ողբերգություն է տեղի ունեցել Մոսկվայի մարզի Դոլգոպրուդնի քաղաքում, որտեղ մայրը 15-րդ հարկի պատուհանից ցած էր նետել իր երկու որդիներին, ովքեր տեղում մահացել էին: Ավելի ուշ կինը հայտարարել էր, որ նրանք իրեն զզվեցրել էին:
Հարցաքննության ժամանակ կինն իրեն ոչ ադեկվատ, բայց հանգիստ էր պահել: Նա հայտարարել էր, որ ինքը ոչ ոքի պետք չէ եւ որ իր որդիները հրեշտակներ են ու հիմա երկնքում են:



























