Լեհաստանի հյուսիսը հուլիսի 15-ին հայտնվել է տարերքի հարվածների տակ. երկրի տարածքում միանգամից մի քանի հզոր տորնադոներ են տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, քամու արագությունը եղել է 200կմ/ժ: Մեկ մարդ զոհվել է, 10-ը` տուժել: Մի քանի տներ ավերվել են, մի քանիսի տանիքներն էլ` պոկվել: Ճանապարհներին ընկած են ծառեր, կտրվել են էլեկտրաէներգիայի լարերը: Աղետի հետեւանքները շուրջօրյա ռեժիմով հեռացնում են հազարավոր փրկարարներ:
«Գուդոկը» գրում է, որ տորնադոն վնասել է էլեկտրաէներգիայի լարերը եւ սոճիների 400 հա անտառ: Ուժեղ քամին ուղեկցվում է անձրեւներով եւ հեղեներով: «Մենք տորնադոյի հենց կենտրոնում ենք: Սկզբում մենք աղմուկ լսեցինք, այնուհետեւ սկսվեց կայծակը, ուժեղ քամին: Հետո ամեն ինչ լռեց: Ես կարծեցի, որ ամեն ինչ ավարտվել է, սակայն որոշ ժամանակ անց տեսանք մոտեցող մրրիկը»:
Այլ բնակիչ հավելել է. «Դա շարունակվեց 5 րոպե: Տորնադոյից հետո իմ այգում ամեն ինչ գետնին էր հավասարվել: Հարեւանների մոտ էլ ամեն ինչ ավերված էր», - պատմել է տեղի բնակիչներից մեկը:


























