Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին այցելությամբ գտնվում է Ադրբեջանում: Սա նրա առաջին աշխատանքային այցն է Ադրբեջան` վարչապետի կարգավիճակով, գրում է «Գռուզիա online»-ը:

Այցի ընթացքում Մերաբիշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովի հետ:

Կողմերը կքննարկեն երկու երկրների համագործակցության հեռանկարները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հունիսի 30-ին երկրի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիին նշանակել է Վրաստանի վարչապետ:

Մերաբիշվիլին Սահակաշվիլիի թիմի առանցքային դեմքերից է, ով ՆԳՆ-ն ղեկավարում է 2004-ի հուլիսից: Նրա ղեկավարության ընթացքում ՆԳ համակարգում արմատական փոփոխություններ են կատարվել: Հիշեցնենք, որ Սահակաշվիլին Մերաբիշվիլիին վարչապետ է նշանակել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ: