Ռուսաստանը մերժում է սիրիական պետությունը քայքայելու ցանկացած փորձ, չի ընդունում շանտաժի եւ սպառնալիքների քաղաքականությունը եւ թույլ չի տա ոչ մի տեսակի ռազմական ներխուժում Սիրիա: Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հիշեցրել է, որ արեւմտյան գործընկերները կանխամտածված փորձում են թյուր նեկայացնել Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունները սիրիական ճգնաժամի վերաբերյալ, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Ինչպես նշել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը, Արեւմուտքի որոշ առաջնորդների հայտարարություններ սիրիական զինված ընդդիմությանը հրահրում են բռնության եւ արյունահեղության շարունակմանը, չնայած որ ժնեւյան հանդիպմանը հանգել էին բռնության անհապաղ դադարեցման պամանավորվածության, որտեղից էլ որ այն ծագեր:
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվային անհանգստացնում է «Ալ Կաիդայի» ներթափանցումը Սիրիա, այդ պատճառով էլ համաշխարհային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի վերջ դնի նրա գործունեությանը:
Արեւմտյան գերտերությունները ամեն կերպ խոչընդոտում են ՄԱԿ-ի ԱԽ-ում ռուսական նախագծի բանաձեւի ընդունմանը, որը ենթադրում է Սիրիայում միջազգային դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգում, Արեւմուտքը փորձում է Սիրիայի իրավիճակը դարձնել ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխին համապատասխան, որը բացում է ռազմական գործողությունների ուղին:
«Նախքան հարկադրական միջոցներ ձեռնարկելը հարկավոր է կատարել այն, ինչի վերաբերյալ պայմանավորվել էին 7-րդ գլխի շրջանակում, այսինքն այն, ինչի մասին պայմանավորվել էին 2042 եւ 2043 բանաձեւերով, այն է` ազդել բոլոր կողմերի վրա, ոչ թե միայն միակողմանի պահանջներ ներկայացնել կառավարությանը », - ասել է Լավրովը` հավելելով. «Ճիշտ չէ բոլոր շներին բաց թողնել Ռուսաստանի եւ Չինաստանի վրա, չհաշված սպառնալիքները, որ նրանք դրա համար պատասխան կտան: Կարծում եմ, որ սա ոչ միայն դիվանագիտության սահմաններից էր դուրս, այլեւ դաստիարակության»: Նրա խոսքով` Ռուսաստանի առաջարկած ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւում հղում չկա Կանոնադրության 7-րդ` ուժային գլխին, նրանում բռնությունը դադարեցնելու, երկխոսություն սկսելու լրացուցիչ պայմաններ չկան:
Արեւմտյան գործընկերները ձգտում են ոչ թե պայմանավորվածության, այլ քաղաքացիական պատերազմի, շարունակել է Լավրովը, նշելով, որ սիրիական բանակը երկրի տարբեր նահանգներում բախվում է շատ լավ զինված խմբավորումների հետ: Ռուսական ԱԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ Արեւմուտքի երկրները ոչ միայն չեն ճնշում Սիրիայի զինված ընդդիմությանը, որպեսզի լուծեն սիրիական ճգնաժամը խաղաղ ճանապարհով, այլեւ քողարկում են նրա անօրինական գործունեությունը եւ հրահրում են երկխոսությունից հրաժարվելուն:
Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը նշել է, որ այժմ ԱԽ-ից պահանջվոմ է երկարացնել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մանդատը, քանի որ նրա դադարեցման ոչ մի պատճառ չկա:




























