Մոսկվայի Սիմոնովյան դատարանը հուլիսի 16-ին մասամբ բավարարել է «ՎԻԱ ԳՐԱ» խմբի մեներգչուհիներից Ալբինա Ջանաբաեւայի` 6 միլիոն ռուբլի փոխհատուցման պահանջով հայցը «Սթար Հիթ» ամսագրի դեմ, որի խմբագիրն է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», դատարանն անձնական կյանք ներխուժելու բարոյական վնասի համար սահմանել է 100 հազար ռուբլու չափով փոխհատուցում, իսկ հայցի մնացած մասը մերժել է:
Վճիռը կարող է բողոքարկվել 10 օրվա ընթացքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ջանաբաեւային վիրավորել էին այն պնդումները, որ «ՎԻԱ ԳՐԱ» -ում իր կարիերայի սկզբում կուրծքը բավականին փարթամ չի եղել, եւ դա թաքցնելու համար նա հատուկ ներքնազգեստ է օգտագործել: Նրան դուր չէր եկել նաեւ այն պնդումը, որ դեպի բեմ ճանապարհն անցնում է պլաստիկ վիրաբույժի սենյակով, որն օգնել է արտիստուհուն կուրծքը երկու չափով մեծացնել, իսկ դեմքը երիտասարդ պահել նրան օգնում են հատուկ ներարկումները եւ ներդիրների կիրառումը:
Հոդվածներում գնահատվում են Ջանաբաեւայի ոչ միայն արտաքին տվյալները: Ամսագրի կողմից գտած փորձագետներն արտահայտվում են տղամարդկանց հետ նրա հարաբերությունների վերաբերյալ եւ անգամ իրենց երաշխավորություններն են տալիս, որոնք ամենաշատն էին վիրավորել երգչուհուն:
Հայցում Ջանաբաեւան բողոքել էր անգամ գրատեսակից, որով գրված են հոդվածների խորագրերը:




























