«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմություն չէ եւ երբեք չի եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀԱԿ-ի կազմում գտնվող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` մեկնաբանելով այն փաստը, որ Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացել են ԲՀԿ-ի ընդամենը 7 պատգամավորներ:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընդդիմության այդ նախաձեռնությունն անհաջողություն կրել, Մակեյան ասել է հետեւյալը. «Ընդդիմությունը հույսը դրել էր «Բարգավաճ Հայաստանի» (նկատի ունեմ պատգամավորներին) վրա եւ դա չարդարացավ:
Խմբակցությունն այդ նախաձեռնությանը մասնակցեց պատգամավորների աննշան քանակությամբ: Ամեն ինչում մեղավոր է «Բարգավաճ Հայաստանը», եւ դա փաստ է:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի» եւ ընդդիմադր ուժերի ապագա համագործակցությանը, ինչպես նաեւ, թե կարող է հետագայում եւս ընդդիմությունը հույսը դնել «Բարգավաճ Հայաստանի» վրա, ՀԱԿ-ի նեկայացուցիչը նշել է. «Քաղաքականության մեջ, այն էլ` հայկական, կարելի է ամեն ինչ սպասել, ոչինչ չի կարելի բացառել: Սակայն ես, այնուամենայնիվ, ավելի հակված եմ այդ հարցի բացասական պատասխանին: Դա իմ անձնական կարծիքն է»:




























