ԼԳՏԲ (լեսբի, գեյ, տրանսգենդեր, բիսեքսուալ) անձանց իրավունքների հարգումը ԵՄ-ին անդամակցելու իրավական չափանիշ է: Այս մասին ասվում է ի պատասխան EUobserver առցանց թերթի հարցման, որպես հայ հոգեւորականի հետ հարցազրույցի մեկնաբանություն:

Թերթը զրուցել է հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանի հետ` Հայաստանում նույնասեռականների իրավունքների մասին:

«Մեր մշակույթը չի ընդունում նույնասեռականներին: Ես նկատի ունեմ այն, որ մենք չենք մերժում մարդու, բայց մերժում ենք մեղքը եւ դա մեր ազատությունն է, հայերի ազատությունը»,-հայտարարել է հոգեւորականը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանը աջակցում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, իսկ նույնասեռականները «երկրորդական» հարց են, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

«Մենք ունենք մշակութային տարբերություններ, որոնք պետք է հարգվեն այլոց կողմից: Նույնիսկ Եվրոպայում կոնսենսուս չկա այդ հարցում: Եվրոպան միայն Արեւմուտքը չէ: Օրինակ Լեհաստանը պահպանողական քրիստոնեական երկիր է, Ռումինիան, Բուլղարիան կամ Սերբիան այդ առումով ավելի մոտ են Հայաստանին»,-ասել է եպիսկոպոս Մանուկյանը:

Իր հերթին, ավստրիացի պատգամավոր եւ Եվրախորհրդարանում ԼԳՏԲ անձանց իրավունքների պաշտպանության խմբի ղեկավար Ուլրիկե Լունաչեկը պնդում է, որ ԵՄ-ն խոչընդոտներ ստեղծելու փոխարեն պետք է աշխատանքներ տանի պահպանողական երկրների հետ: «Եվրամիության որդեգրած մոտեցումներից է` հակամարտելու փոխարեն համագործակցել, վախի փոխարեն բաց լինել»,-ասել է Լունաչեկը, ով բաց հայտարարում է, որ ինքը լեսբուհի է: