Դոլար-դրամ հարաբերակցությունը մոտենում է «ճիշտ» մակարդակի: Այդ մասին, այօսր` հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Ըստ նրա` ազգային արժույթի փոխարժեքի արհեստական բարձրացումը երկրի տնտեսության շահերից չի բխում: Իսկ դրամի փոխարժեքի նվազեցումն էլ ունի դրական կողմեր: «Դա ձեռնտու է տեղական ձեռնարկատերերին, քանի որ բարձրացնում է նրանց մրցունակությունը եւ նպաստում է տեղական արտադրանքի արտահանմանը»,-ասել է նա:
Հարցին, թե ինչո՞ւ ազգային արժույթի փոխարժեքի նվազմանը զուգահեռ արտահանման աճ չի նկատվում, Բոստանջյանը պատասխանել է, որ թեեւ այսօր արտահանման նկատելի աճ չկա, սակայն նրա մեծացման առաջխաղացումն ակնհայտ է, հատկապես լեռնահանքային արդյունաբերության ոլորտում:
«Դրամի փոխարժեքի իջեցումը ձեռնտու է նաեւ մասնավոր տրանսֆերտների հաշվին ապրող քաղաքացիներին, քանի որ ավելանում են նրանց եկամուտները: Դրամի փոխարժեքի նվազման հետ կապված որոշակի մտավախությունների տեղիք են տալիս արժեզրկումային ճնշման սպասումները, սակայն այսօրվա դրությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում զգալի գնաճ չի գրանցվել», - ասել է Բոստանջյանը` ընդգծելով, որ Կենտրոնական բանկը միայնակ ի վիճակի չէ զսպել գնաճը, եւ այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են ԿԲ-ի եւ կառավարության համակարգված եւ համաձայնեցված գործողություններ:
Նրա կարծիքով, փոխարժեքի որոշակի աստիճանով նվազումը ձեռնտու չէ միայն ներկրողների համար: Հարցին, թե դրամի փոխարժեքի որոշակի ամրապնդումը կարող է արդյոք պայմանավորված լինել ներկրողների ճնշմամբ, Բոստանջյանն ասել է, որ չի կարող պատասխանել. «Ես նման պատասխանատվություն չեմ ստանձնի եւ ասեմ, թե ով ում վրա է ճնշում գործադրել»:



























