Տարեցտարի նվազում են Սեւանա լճում  խեղդվելու դեպքերը, ինչը հասարակության հետ տարվող աշխատանքի արդյունք է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար գնդապետ Սամվել Մկրտչյանը` հավելելով, որ դա լրատվամիջոցներով ամենօրյա տարվող տեղեկատվական, կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքի շնորհիվ է:

Նրա փոխանցմամբ` այս ամռանը Սեւանում խեղդվելու մեկ դեպք է արձանագրվել, երբ Ազատավան գյուղի բնակիչ 16-ամյա Նարեկ Ալեքսանյանը խեղդվել էր: Իսկ  2012թ ձմռանը արձանագրվել էր 3 դեպք, փաստորեն` այս տարի Սեւանում խեղդվելու 4 դեպք է արձանագրվել:

Նախորդ տարի ամռան այս ժամանակահատվածում եւս արձանագրվել էր խեղդվելու մեկ դեպք, իսկ օգոստոսին` 3: 2011թ արձանագրվել էր 6 դեպք:

Նրա խոսքով` Սեւանում խեղդվելու ամենաշատ դեպքերը արձանագրվում են հուլիսին, քանի որ այդ ժամանակ եղանակը Սեւանում տաք է լինում, հանգստացողները շատ են:

Սեւանա լճում անցանկալի միջադեպերից խուսափելու համար Սամվել Մկրտչյանը կոչ է անում ազգաբնակչությանը լողալ մարդաշատ եւ իրենց կողմից հսկվող տարածքներում,. լողալ սթափ վիճակում. «Կուշտ կերած վիճակում ընդհանրապես չլողալ, արեւի տակ քիչ մնալ որովհետեւ դրանից հետո ջուրը նետվելով` սպազմ է առաջանում, լողանշանները չանցնել, հեռու չլողալ»,- ասաց նա: Սեւանի լճի շրջակայքը հսկում  է 40 փրկարար, որոնք գտնվում են երկու հանրային լողափերում`19 կետերում:

Սամվել Մկրտչյանի խոսքով` Սեւանա լճում ամբողջ տարվա ընթացքում խեղդվելու ամենաշատ դեպքերի թիվը հասել է 40-ի: