Բալկաններում հայտնի թմրաբարոն Դարկո Շարիչը, որը թաքնվում է  արդարադատությունից,  10 միլիոն եվրո պարգեւատրություն է առաջարկել Սերբիայի 6 բարձրաստիճան պաշտոնյաների սպանության  համար, որոնց նա մեղավոր է համարում իր հանցավոր կայսրության քայքայման գործում:  Այդ մասին հայտնում է բելգրադյան «Պրեսս» թերթը` հղում անելով արեւմտյան հատուկ ծառայությունների տվյալներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Արեւմտյան հատուկ ծառայություններից մեկը նախորդ շաբաթ Անվտանգության եւ տեղեկատվության սերբական գործակալությանն (BIA) էր փոխանցել տեղեկություններ, ըստ որոնց Շարիչը  ծրագրում է  Սերբիայի նախկին նախագահ Բորիս Թադիչի եւ եւս մի քանի պաշտոնյաների սպանությունը:

Այդ ցուցակում են Ազգային անվտանգության խորհրդի համակարգման բյուրոյի նախագահ Միոդրագ Րակիչը, ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը, որին հանձնարարված է նոր կառավարություն ձեւավորել, ինչպես նաեւ BIA-ի ղեկավար Սաշա Վուկադինովիչը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դատախազ Միլկո Ռադիսավլեւիչը եւ արդարադատության նախարար Սնեժանա Մալովիչը:

Սերբիայի նոր նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը եւ նրա գրասենյակը տեղեկացվել են  այդ մասին, պնդում է «Պրեսս» թերթը:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Թադիչի գլխավոր  սկզբունքն էր, որը Սերբիայի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում 2004 - 2012 թթ.:

Թադիչի եւ նրա համախոհների դեմ սպառնալիքներ վերջին տարիներին հաճախ են հայտնվել լրատվամիջոցներում:

2003 թվականի մարտի 12-ին Բելգրադում սպանվել էր Սերբիայի վարչապետ Զորան Ջինջիչը: Իշխանությունները հյտարարել էին, որ դեմոկրատ վարչապետի սպանության հետեւում կանգնած է հզոր  «Զեմունսկի կլան» հանցախումբը, որի առաջնորդներին այն ժամանակ մտադիր էին ձերբակալել: