Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մագիդ Մահմուդն, այսօր` հուլիսի 16-ին, հրամայել է պետության դատապարտված նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին Կահիրեի զինվորական հոսպիտալից տեղափոխել բանտ, երկուշաբթի օրը գրում է AFP-ն` հղում անելով գլխավոր դատախազի մամուլի ծառայությանը:
Որոումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեղադրյալի առողջական վիճակը բարելավվել է, գրում է Polit.ru-ն:
Հիշեցնենք, որ Մուբարաքը ցմահ դատապարտվել էր այս տարվա հունիսին, սակայն դատավճիռը հայտարարվելուց հետո նա սրտի կաթված էր ստացել: Վատ ինքնազգացողության պատճառով նրան տեղափոխել էին Կահիրեի Մաադի թաղամասի զինվորական հոսպիտալ:
Սկզբում լրատվամիջոցները հայտնել էին, որ պետության նախկին ղեկավարը կոմայի մեջ է, սակայն հետո հարազատները հերքել էին այդ լուրերը: Տեղեկատվություն էր հայտնվել նաեւ այն մասին, որ Մուբարաքի վիճակը կարգավորվել է, եւ նրա օրգանիզմը դրական է արձագանքում բուժմանը:




























