Կանայք վերջին 100 տարվա մեջ առաջին անգամ ինտելեկտի գործակցով առաջ են անցել տղամարդկանցից: Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, նման եզրակացության է եկել քաղաքական եւ հոգեբանական հետազոտությունների հայտնի փորձագետ, Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ֆլինը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

100 տարի առաջ, երբ գիտնականներն առաջին անգամ սկսեցին մարդու մտավոր զարգացման մակարդակի գնահատականները հաշվել, կանայք 5 բալով հետ էին տղամարդկանցից: Դա հոգեբաններին թույլ տվեց ենթադրություն անել, որ սեռերի միջեւ այդ առումով ի սկզբանե գենետիկ տարբերություններ կան, սակայն վերջին ժամանակներս այդ տարբերությունը գնալով կրճատվում է եւ այս տարի կանայք առաջին անգամ ինտելեկտի գործակցով առաջ են անցել տղամարդկանցից:

«Վերջին 100 տարում կանանց եւ տղամարդկանց IQ-ի բալերի քանակն ավելացել է, բայց գեղեցիկ սեռի մոտ այդ աճն ավելի արագ է տեղի ունենում»,-նշել է Ֆլինը, հավելելով, որ ներկա իրողությունների ազդեցությունը կանանց վրա նոր-նոր սկսում է ամբողջությամբ արտահայտվել: 

Տեսություններից մեկի համաձայն, ժամանակակից կանայք ամեն օր ստիպված են լինում բախվել տարբեր խնդիրների, որոնք առնչվում են կարիերային եւ ընտանիքին: Նման կենսակերպի արդյունքում, կանայք ինտելեկտուալ առումով ավելի զարգացած են դառնում:
Մյուս բացատրությունն այն է, որ կանայք միշտ էլ ավելի բարձր ինտելեկտ են ունեցել, բայց միայն հիմա է այն իրացվում ամբողջությամբ:

Որպես իր հետազոտության հիմք պրոֆեսոր Ֆլինը վերցրել է Արեւմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Արգենտինայում եւ Էստոնիայում բնակվողների IQ թեստերի տվյալները: Նա պարզել է, որ Ավստրալիայում կանանց եւ տղամարդկանց IQ տվյալների տարբերությունը չնչին է, սակայն Նոր Զելանդիայում, Էստոնիայում եւ Արգենտինայում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ավելի շատ բալ են հավաքել: