Շուրջ 170 հազար ճապոնացիներ Տոկիոյում դուրս են եկել բողոքի` ընդդեմ երկրում ատոմային էներգետիկայի օգտագործման, որը 2011-ին հանգեցրել էր աղետի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում: Kyodo գործակալության փոխանցմամբ, ակցիան անվանվել է «100 հազար ընդդեմ ատոմային էներգետիկայի», հաղորդում է «Ռոսբալտը»:

Տակիոյում բողոքի ակցիան մեկնարկել է Յոյոգի այգում: Ակցիային մասնակցել են այնպիսի հայտնի հասարակական գործիչներ, ինչպիսիք են դերասան Տարո Յամամոտոն եւ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեն:

Ցույցն անցկացվել է «Հաջողություն, ատոմ» եւ «Պաշտպանենք մեր հողն ու երեխաներին» կարգախոսներով: Ցուցարարները շարժվել են դեպի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր-ընկերության («Tokio electric power») շտաբ-բնակարան, որտեղ պետք է հանրահավաք կայանար:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Ճապոնիայի կառավարությունը ընդունել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում 2011 թվականին վթարից տուժած ատոմակայանի վերականգնման պլանը: Պրեֆեկտուրայում այլեւս ատոմակայաններ չեն լինի, դրանց կփոխարինեն էներգիայի վերականգնվող աղբյուրները, որոնք աշխատում են արեւի եւ քամու օգնությամբ: