Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն այսօր` հուլիսի 16-ին, զինվորական հոսպիտալից վերադարձվել է բանտային հիվանդանոց, հայտնում է եգիպտական «Ալ-Ահրամ» թերթի ինտերնետ կայքը:

Եգիպտոսի նախկին առաջնորդը Երեւանի ժամանակով 20:30-ին վերադարձել է բանտ, որտեղ կրում է ցմահ բանտարկությունը:

Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մագիդ Մահմուդն, այսօր` հուլիսի 16-ին, ավելի վաղ հրամայել էր պետության դատապարտված նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին Կահիրեի զինվորական հոսպիտալից տեղափոխել բանտ:

Որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մեղադրյալի առողջական վիճակը բարելավվել է:

Հիշեցնենք, որ Մուբարաքը ցմահ դատապարտվել էր այս տարվա հունիսին, սակայն դատավճիռը հայտարարվելուց հետո նա սրտի կաթված էր ստացել: Վատ ինքնազգացողության պատճառով նրան տեղափոխել էին Կահիրեի Մաադի թաղամասի զինվորական հոսպիտալ:

Սկզբում լրատվամիջոցները հայտնել էին, որ պետության նախկին ղեկավարը կոմայի մեջ է, սակայն հետո հարազատները հերքել էին այդ լուրերը: Տեղեկատվություն էր հայտնվել նաեւ այն մասին, որ  Մուբարաքի վիճակը կարգավորվել է, եւ նրա օրգանիզմը դրական է արձագանքում բուժմանը: