Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հուլիսի 17-ին, ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հետ հանդիպման ժամանակ մտադիր է հաստատել Ռուսաստանի պատրաստակամությունը` նպաստել Սիրիայի հարցով Գործողությունների երկրորդ փուլի գումարմանը Մոսկվայում կամ Ժնեւում:
Անանը երկօրյա այցով Մոսկվա է ժամանել այսօր` հուլիսի 16-ին: Նա արդեն հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Լավրովի հետ բանակցությունները (ճաշի ձեւաչափով) տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը:
Հանդիպումից առաջ ոչ Լավրովը, ոչ Անանը լրագրողների հետ չեն շփվել: Լրագրողներին առանձնատուն չեն թողել:
Նրանց բանակցությունները տեւել են 2 ժամ, որից հետո եւս նրանք լրագրողներին ոչինչ չեն հայտնել եւ լուռ բաժանվել են:
Կրեմլում ընդգծում են, որ այս փուլում առաջնահերթությունը Անանի խաղաղ կարգավորման պլանի եւ Ժնեւյան կոմյունիկեի ամբողջական կատարումն է:
«Նույն կանոններով աշխատանքը» թույլ չի տա իրավիճակի հետագա դեգրադացիա եւ դրանով կկանխի ողջ տարածաշրջանի անկայությունը», ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Մոսկվան հույս է հայտնում, որ այն երկրները, որոնք համապատասխան ազդեցություն ունեն ընդդիմադիր խմբավորումների վրա, կգործեն Ռուսաստանի հետ համատեղ եւ առարկայական աշխատանք կտանեն ինչպես Սիրիայի ղեկավարության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
«Սպասվող հանդիպումը վկայում է Սիրիայի հարցով Անանի պլանին Ռուսաստանի քաղաքական աջակցության, Ժնեւում հունիսի 30-ին նախարարական հանդիպմանը կայացված որոշումների իրականացմանն աջակցելու պատրաստակամության մասին»,-ընդգծված է փաստաթղթում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանը բազմիցս աջակցություն է հայտնել Անանի ծրագրին, որը ենթադրում է հրադադարի հաստատում իշխանությունների եւ զինված ընդդիմության կողմից եւ քաղաքական երկխոսություն: Ժնեւում հունիսի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների արտգործնախարարները արտահայտվել են Սիրիայում անցումային կառավարություն ձեւավորելու օգտին:




























