«Հրապարակը» գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության Կենտրոնի տարածքային կառույցի գրասենյակի վրայից օրերս հանվել է «Օրինաց երկիր»  ցուցապաստառը, իսկ շենքում լայն թափով շինաշխատանքներ են ընթանում:

«Հիշեցնենք, որ կուսակցության Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավարը  Արայիկ Հայրապետյանն է՝ Լավանդայի Արայիկը, ում մասին չեն դադարում խոսակցությունները, թե որոշել է լքել ՕԵԿ-ը: Հայրապետյանը, ասում են, խիստ նեղացած է կուսղեկավարից, ով նրան այդպես էլ ոչ օրենսդիր եւ ոչ էլ գործադիր ոլորտում որեւէ պաշտոն չվստահեց:

Հետեւաբար, առաջինը, ինչ մտածեցինք, այն է, որ Լավանդան լքել է ՕԵԿ-ը, քանի որ Սարյան փողոցի այդ բավականին բարեկեցիկ շինությունը Լավանդայի Արայիկն էր ՕԵԿ-ին անդամագրվելուց հետո դարձրել կուսակցության գրասենյակ: Զանգահարեցինք Արայիկ Հայրապետյանին, ով թեեւ արտերկրում է, սակայն պատասխանեց մեր հարցերին:

Այդ տարածքը վարձակալած էր, եւ հիմա ժամանակը լրացել է, ու փակել-հանձնել եմ:

Իսկ հնարավոր չէ՞ր պայմանագիրը երկարացնել, թե՞, փաստորեն, ճիշտ էին լուրերը, որ Դուք սառեցրել եք հարաբերություններն ՕԵԿ-ի հետ եւ այսպիսով վերջնականապես «ձեռքերը լվանում» եք այդ կուսակցությունից:

Գիտեք, երկարացնել հնարավոր չէր, որովհետեւ ես հիմա Հայաստանում չեմ:

Հայաստանում չլինելը, կարծում եք, բավարա՞ր պատճառաբանություն է:

Գիտեք, ես լուրջ գործերով եմ այստեղ, հո միայն կուսակցությունը չի իմ կյանքում, շատ կարեւոր գործերով եմ այստեղ: Ի վերջո ես առաջնային ավելի գործարար եմ, բիզնեսմեն, նոր հետո մյուս հարցերը: Բացի դրանից, մի մոռացեք, որ ոչ միայն իմ, այլեւ ամբողջ կուսակիցների հարաբերություններն է սառեցված կուսակցության հետ: Գիտեք, դե, նոր կարգ կա, որ հիմա պիտի անդամագրվենք եւ մենք դրան պետք է անդրադառնանք սեպտեմբերի 1-ին: Այնպես որ շտապելու բան չունենք:

Հնարավո՞ր է նոր տարածք վերցնեք:

Չի բացառվում:

Ձեր կարծիքով, այդ անդամագրության նոր կարգն ինչո՞ւ ասպարեզ բերվեց:

Դե պարզ չէր, խորհրդարանական ընտրություններին ապացուցվեց, որ այդքան ձայն չհավաքվեց, որքան որ հաշվարկել էինք, դա նշանակում է, որ կուսակցության անդամներն ինչ-որ տեղ սխալ են աշխատել: Հիմա դու եթե գնում ես մի ճանապարհով, որը սխալ է, ուրեմն քո անցած ճանապարհը պիտի նայես-տեսնես, վերանայես ու տեսնես, թե ովքեր են թերացել, ովքեր չեն կատարել իրենց առջեւ դրված պարտավորությունները, որպեսզի հաջորդ անգամ նույն սխալը չկրկնես: Հիմա ես կտեսնեմ՝ եթե ինձ տեսնում եմ նոր կարգում, կշարունակեմ, եթե ոչ, ուրեմն չեմ շարունակի: Ես ընտրատեղամասի նախագահն էի, եւ սեպտեմբերին կանդրադառնանք այդ հարցերին:

Իրականում խոսվում է, որ վերջին գործընթացներից հետո ՕԵԿ գործարար հատվածում դժգոհություններ կան, կուսակցության համար մեծ ներդրում կատարած այս շերտը նեղացած է ՕԵԿ ղեկավարից, որ ոչ օրենսդիր եւ ոչ էլ գործադիր մարմնում չտեսավ նրանց: Գուցե իրականում դրա համա՞ր չեք շտապում կրկին անդամագրվել:

Նեղանալը չափանիշ չէ, նեղանալը հարաբերական է: Նեղանում են ընկերոջից, ընտանիքից, կուսակցությունից նեղանալ չկա, դա քաղաքականություն է, որն ամեն մեկը յուրովի է ընկալում: Ինչ խոսք, ես չեմ կարծում, որ քաղաքականության, կուսակցությունների մեջ բոլոր մարդիկ են, որ 100 տոկոսով գոհ են: 1000-ից 100-ը լինում է դժգոհ, չբավարարված կամ իր ծրագրերը չիրականացված: «Նեղանալ» բառն ուղղակի տեղին չի, կամ դու քեզ տեսնում ես էդ ճանապարհը գնալուց, կամ չես տեսնում, դա է հարցը»,- գրում է թերթը: