ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն արդեն պաշտոնապես հայտարարել է իր արձակուրդ գնալու մասին, բանից պարզվում է` ոչ թե իր ամառային հանգիստն է վայելում, այլ զբաղված է գործարար դաշտին առնչվող խնդիրները կարգավորելու գործով: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«ՀՀ սահմանները լքելուց առաջ վարչապետ Սարգսյանը Ջերմուկ քաղաքում հանդիպումներ է ունեցել ինչպես գործարար շրջանակների, այնպես էլ նախարարների հետ, որոնց արձակուրդ գնալուց առաջ հայտնել է իր վերջին ցանկությունների մասին: Ըստ նույն լուրերի, Սարգսյանն այդ հանդիպման ժամանակ շատերի ներկայությամբ հայտարարել է, որ մեր երկրում թիվ մեկ օրինակելի գործարարը Աշոտ Արսենյանն է`Քլոսը, որին պետք է աջակցել ու առավելագույնս հնարավորություններ տալ բիզնեսի դաշտում կրկնակի հաջողություններ արձանագրելու համար: Ի դեպ, այդ հաջողությունների հետ ուղղակիորեն առնչվում է Ջերմուկ քաղաքում եւս մի բանի առողջարաններ Արսենյանի տիրույթ տեղափոխելու հարցը, մանավանդ որ այսօր որոշ առողջարաններ հենց Արսենյանների այս ոլորտում ունեցած մոնոպոլ դիրքերի պատճառով մրցակցությանը չեն դիմանում:

Ի դեպ, այդ հանդիպման շրջանակներում նախարարներից ոմանց էլ Սարգսյանը պարզապես զգուշացրել է հնարավորինս քիչ խոսել Սեւանին վերաբերող խնդիրների շուրջ, իսկ կտրուկ գործողությունների դիմելուց առաջ հիշել, թե ինչպիսին կլինեն դրանց հաջորդող հետեւանքները:
Իսկ իր համար հույժ կարեւոր հարցերր վեր բարձրացնելուց հետո վարչապետ Սարգսյանը մասնակցել է Աշոտ Արսենյանի կողմից կազմակերպված ճոխ հյուրասիրությանը, որին քիչ ավելի ուշ միացել են նաեւ մեծարգո այրերի տիկնայք ու մինչեւ ուշ երեկո լավ ժամանակ են անցկացրել «Արմենիա» առողջարանում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: