Ամերիկյան Delta Air Lines Inc. ավիաընկերության չորս չվերթների ժամանակ հուլիսի 15-ին կարի ասեղներ են հայտնաբերվել: Արդյունքում մեկ մարդ տուժել է:
Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիան», բոլոր չվերթները, որոնց ժամանակ սննդի մեջ ասեղներ են հայտնաբերվել, թռել են Ամստերդամից: Վտանգավոր սենդվիչը վնասել է Մինեապոլիս մեկնող ուղեւորին: Միջադեպից հետո սկսվել է մնացած չվերթների ստուգումը, արդյունքում ասեղներ էին գտնվել նաեւ Ատլանտայի երկու եւ Սիեթլի մեկ ինքնաթիռներում:
Տուժած ուղեւորը բժշկական օգնությունից հրաժարվել է, Delta-ի ներկայացուցիչ Քրիսթին Բաուրի խոսքերն է մեջբերում The Washington Post-ը: Ասեղներ հայտնաբերելուց հետո ուղեւորներին սենդվիչների փոխարեն պիցցա են բաժանել:
Ատլանտայում ՀԴԲ-ն ճշտում է կատարվածի հանգամանքները: Սեփական հետաքննությունն է վարում սննդի վերահսկողության Gate Gourmet ընկերությունը Նիդեռլանդներից, որը պատրաստել էր չարաբաստիկ սենդվիչները: Delta-ի չվերթների ընթացքում ժամանակավորապես դադարեցրել են բուտերբրոդներ բաժանելը: Gate Gourmet-ում հայտարարում են, որ այլ ավիաընկերությունների չվերթների ընթացքում որեւէ նման բան չի արձանագրվել:




























