Մոսկվայի ՆԳԳՎ նախկին աշխատակից Դմիտրի Պավլյուչենկովին մեղադանք է ներկայացվել լրագրող Աննա Պոլիտկովսկայայի գործով:
Ինչպես Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին հղում անելով գրում է «ՌԻԱ Նովոստին», քննիչները հստակ պարզել են Դմիտրի Պավլյուչենկովի դերը սպանության գործում:
Նրան մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածներով, որոնց դեպքում ցմահ բանտարկություն է սպառնում:
Քննության վարկածով` 2006թ. Լոմ Ալի Գայտուկաւը, Պոլիտկովսկայայի սպանության պատվերն ստանալով անհայտ անձի կողմից, 6 հոգուց բաղկացած խմբավորում է ստեղծել, որոնց շարքում նաեւ Պավլյուչենկովը, գրում է «Ռոսբալտը»:
2006թ. հուլիս-սեպտեմբերին Պավլյուչենկովը պարզել է զոհի փաստացի բնակության վայրը, նրա հիմնական երթուղիները եւ այդ տվյալները հայտնել խմբի անդամներին, ինչպես նաեւ զենք է հայթայթել սպանության համար: Պավլյուչենկովը նաեւ իր ենթականերին հրամայել է հետեւել տուժածին` առանց տեղեկացնելու իր հանցավոր մտադրությունների մասին: Հանցավոր խմբի անդամները 2006թ. հոկտեմբերին մի քանի օր շարունակ եկել են Պոլիտկովսկայայի բնակության վայր, ծրագրել յուրաքանչյուրի դերը: 2006թ. հոկտեմբերի 7-ին սպանություն կատարողը Պավլյուչենկովի տված զենքով մտել է Մոսկվայի Լեսնայա փողոցի թիվ 8/12 շենքի երկրորդ մուտք: Երբ ժամը 16:00-ի սահմաններում Պոլիտկովսկայան մտել է վերելակ, հանցագործը նշված ատրճանակից 5 կրակոց է արձակել, որը հանգեցրել է տուժածի մահվանը հենց դեպքի վայրում:




























