Դոնի Ռոստովի ոստիկանության պետ Վյաչեսլավ Չուպրունովի մահը, որը նախորդ շաբաթ ջախջախվել էր մոտոցիկլետով, կասկածելիորեն հաջորդել էր լրատվամիջոցներում օրենքով գողերի զրույցի հրապարակմանը, որոնք քննարկել էին ոստիկանին վերացնելու անհրաժեշտությունը: Նման համընկնումը կարող է պատահական չլինել, ոստիկանի մոտոցիկլետը կարող էին «ԿամԱԶ»-ի տակ հրել, գրում է NEWSru.com-ը:
Հունիսի վերջին «Մոսկովսկի կոմսոմոլեցը» հրապարակել էր ռոստովյան քրեական հեղինակությունների զրույցից հատվածներ: Գողերը դժգոհել էին, որ Ռոստովում հանցախմբի համար դժվար է դարձել ապրելը, այդ թվում ոստիկանների մի խմբի պատճառով, որոնք տեղափոխվել էին Խաբարովսկից: Հատկապես նրանք նշել են քաղաքային ոստիկանության պետ Չուպրունովին: Եւ կարծես թե որոշել էին սպանել:
«Նման փորձառու վարորդի համար բավականին ազատ մայրուղում ղեկը կառավարել չկարողանալը խիստ կասկածելի է: Դժվար է բացատրել նաեւ բեռնատարի վարորդի մահը: Ենթադրենք, «ԿամԱԶ»-ը շրջվել էր բախումից հետո, այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել նրա վարորդի մահը: Իսկ ընդհանուր առմամբ, ամեն ինչ դասական «Կնքահայրը» վեպի սցենարով է, -ասում է հրատարակության զրուցակիցը` պրոֆեսիոնալ բայքերը:
Իսկապես, Չուպրունովը համարվել է փորձառու վարորդ եւ նույնիսկ երթեւեկության վարպետության դասեր է տվել բանուկ մայրուղում: Ըստ ականատեսների` այդ օրը մայրուղին ծանրաբեռնված չի եղել: Նաեւ տարօրինակ է այն փաստը, որ բեռնավորված «ԿամԱԶ»-ը շրջվել է մոտոցիկլի հետ բախումից, թեկուզ եւ այն եղել է հզոր Suzuki:
Ինչպես նշում է «Ռոսիյսկայա գազետան», Դոնի Ռոստովի ոստիկանության ղեկավար 37-ամյա Վյաչեսլավ Չուպրունովը մահացել էր վթարից` իր «Suzuki» մոտոցիկլետով բախվելով «ԿամԱԶ»-ին: Վթարը տեղի է ունեցել Ռոստովի շրջանի Կագալնիցյան տարածքում` Ռոստով-Ստավրոպոլ մայրուղու 26-րդ կմ-ում:



























