Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով երեք հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ` հուլիսի 17-ին ժամը 08.00-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 16-ին ժամը 18.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում դեռեւս չպարզված հանգամանքներում «Գազ-2417» մակնիշի 61 ՍՏ 202 համարանիշի (վարորդ՝ 36-ամյա Նվեր Անդրեասյան) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորներ` 28-ամյա Ն. Նիկոլյանը, 21-ամյա Ս. Սիմոնյանը եւ 18-ամյա Ա.Սիմոնյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները Ն. Նիկոլյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Սիմոնյանը եւ Ա. Սիմոնյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: