Մերձմոսկվայում անհետացել է Ռամենկի մոսկովյան թաղամասի ղեկավար Ալեքսանդր Դմիտրիեւը: Հուլիսի 16-ին պաշտոնյան իր մեքենայով աշխատանքի է մեկնել, սակայն մինչ այժմ չի հայտնվել ոչ տանը, ոչ աշխատավայրում:
Ինչպես հաղորդում է dni.ru-ն, Դմիտրիեւը իր մեքենայով գնացել է աշխատանքի, սակայն այդպես էլ չի հասել, նրա բջջային հեռախոսը չի պատասխանում:
Դմիտրիեւի Toyota Land Cruiser Prado մեքենան հայտնաբերվել էր մերձմոսկովյան Ռասսուդովո ավանի մերձակայքում: Նրա մեքենան առանց տեխնիկական վնասվածքների է, ներսում գտնվել են վարորդական իրավունքը եւ մեքենայի փաստաթղթերը:
Ռամենկիի 48-ամյա ղեկավարի անհետացման փաստով քրեական գործ է հարուցվել «Սպանություն» հոդվածով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ներկայումս կատարվում է քննություն, փորձում են պարզել անհետացածի գտնվելու վայրը: «Սպանություն» հոդվածի առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է:
Նշենք, որ Ալեքսանդր Դմիտրիեւը ղեկավար էր նշանակվել միայն մեկ շաբաթ առաջ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Կրիլատսկոյե թաղամասի ղեկավարի շինարարության եւ կենցաղային հարցերի գծով տեղակալի պաշտոնը:



























