Տաջիկստանն ընդունել է այդ երկրում Ռուսաստանի 201-րդ ռազմակայանի մինչեւ 2014 թվականը մնալու համաձայնագրի նախագծի ռուսական տարբերակը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Տաջիկստանի իշխանությունները Ռուսաստանի 201-րդ ռազմակայանի գտնվելն իրենց տարածքում գնահատել էին «տարեկան առնվազն 250 միլիոն դոլար»: Այդ մասին հուլիսի 12-ին գրել էր «Կոմերսանտ» թերթը` հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին: Ռուսաստանի պաշտպանության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները հրատարակչությանը հայտնել էին, որ մինչ այժմ չեն ստացել պայմանագրի երկարացման առաջարկության տաջիկյան տարբերակը եւ չեն կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել 250 միլիոն դոլար թիվը:




























