Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Միխայել Բեն-Արին («Ազգային միություն») պատռել է փոստով ստացած Աստվածաշունչը: Այդ մասին հայտնում է «Կուրսորը»` վկայակոչելով «Մաարիվը»: Նոր Կտակարանի մեկական օրինակ Քնեսեթի բոլոր պատգամավորներին ուղարկել է տպագրությամբ զբաղվող ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Քալիշը: Խոսքը վերաբերում է Աստվածաշնչի ճոխ հրատարակությանը, որը ներառում է քրիստոնյաների համար սուրբ տեքստեր:

Ծանրոցի հետ ուղարկված նամակում հստակեցվում էր, որ «գիրքը լույս է սփռում քրիստոնեության եւ հուդայականության միջեւ սերտ կապին», ուստի, ըստ հրատարակչի, հետաքրքիր կլինի իսրայելցի պատգամավորների համար: Բեն-Արին այդ նախաձեռնությունը սադրանք է անվանել:

Քալիշի նախաձեռնությունից դժգոհել են նաեւ այլ պատգամավորներ: «Լիկուդ» կուսակցությունից Ցիպի Խոտովելին Կնեսետի նախագահին կոչ է արել պատգամավորներին զերծ պահել նման ծանրոցներից: Բեն-Արին էլկոչ է արել գործընկերներին դժգոհելու փոխարեն Աստվածաշունչը նետել աղբարկղը: «Այդ գիրքը հիմք է եղել եւ շարունակել է լինել հրեաների հետապնդումների եւ սպանությունների համար: Դրա տեղն աղբարկղում է»,- ասել է նա: