Հայաստանն առաջիկա 10 տարում կվերականգնի իր նախկին արդյունաբերական պոտենցիալը: Այդ մասին այսօր` հուլիսի 17-ին Չարենցավանում տեղի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա հիշեցրեց, որ 2011թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը: Նախատեսվում է 10 տարում արդյունաբերական արտադրանքի արտահանումն ավելացնել մոտ 3 անգամ: Ամեն տարի նախատեսվում է վերագործարկել մի քանի տասնյակ արդյունաբերական ձեռնարկություն:
Տ. Դավթյանը նշեց, որ նախկինում էլ Հայաստանը արդյունաբերական երկիր էր (իսկ Չարենցավանը արդյունաբերական քաղաք էր), սակայն արդյունաբերության հիմքը պլանային տնտեսությունն էր: Նոր ռազմավարությունը ենթադրում է միջազգային չափանիշներով մրցունակ արդյունաբերության ստեղծում` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Կառավարությունն այդ քաղաքականության շրջանակներում ներդրումային ընկերություններին արտոնություններ է տրամադրում` ներկրված սարքավորումների ավելացված արժեքի հարկի տարկետման միջոցով: «Տ. Դավթյանի տեղեկացմամբ` 2012 թ. արդեն այդ արտոնությունների շրջանակներում ներդրումների ծավալը կազմում է 16.1 մլրդ դրամ: Արտոնություն ստացել է նաեւ Չարենցավանի «Ասկե գրուփ» ընկերությունը, որն արտադրում է պողպատ, թուջ, ամրաններ:
Բացի այդ` Չարենցավանում եւ Վանաձորում կստեղծվեն տեխնոլոգիական կենտրոններ` կրթական ու արտադրական ենթակառուցվածքներով: Նման տեխնոլոգիական կենտրոն արդեն իսկ գործում է Գյումրիում:
Տ. Դավթյանը նշեց, որ 2013 թ. պետական բյուջեում առանձին տողով գումարներ կհատկացվեն արդյունաբերության զարգացմանը, այդ թվում` արդյունաբերական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով:



























