Սիրիայում Հայաստանի դեսպանատունը մշտական կապ է պահպանում երկրի հայ համայնքի հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Դամասկոսում Հայաստանի դեսպանատան տվյալներով, ներկայացուցչությանը հարակից թաղամասում այս պահին իրավիճակը հանգիստ է, մարտեր չեն ընթանում: Տուժածներ եւս չկան:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, Դամասկոսում եւ մերձակայքում անցած հանգստյան օրերին ամենադաժան մարտերն են ընթացել վերջին 16 ամիսների ընթացքում: Ինտենսիվ գնդակոծումներ են եղել Մայդան, Զահրա, Էլ-Կազազ, Սինաա եւ Քֆար-Սուսա թաղամասերում: Այդ թաղամասերի մուտքերն արգելափակված են անվտանգության ուժերի կողմից: Փակ է նաեւ միջազգային օդանավակայան տանող ճանապարհը: Ընդդիմադիր աղբյուրների փոխանցմամբ, մեկ օրում սպանվել է 16 մարդ, տասնյակները վնասվածքներ են ստացել: