Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 16-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում է 98 հազար 909: Այդ մասին «Փաստինֆո» գործակալությանը հայտնել են ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

ԼՂՀ նախագահի ընտրությունների քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 19-ին` ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն: ԼՂՀ տարածքում այդ օրը բացվելիք ընտրատեղամասերից բացի, մեկ տեղամաս կգործի նաեւ Երեւանում` Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում:

Հայաստանում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիներն իրենց ընտրական իրավունքն իրացնելու նպատակով մինչեւ հուլիսի 17-ը ներառյալ կարող են գրանցվել ներկայացուցչության ընտրողների հիմնական ցուցակում: Այդ ժամկետից հետո Հայաստան ժամանած արցախցիները քվեարկության օրը կընդգրկվեն հայաստանյան ներկայացուցչության ընտրողների լրացուցիչ ցուցակներում: Հիմնական ցուցակները յուրաքանչյուր օր, իսկ լրացուցիչ ցուցակները՝ քվեարկության օրը, պարբերաբար ուղարկվելու են ԼՂՀ ԿԸՀ` դրանցում ընդգրկված ընտրողներին` ԼՂՀ-ում հաշվառված ընտրողների ցուցակներից հանելու համար:

Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ին կայանալիք ընտրություններում պայքարում են երեք անկուսակցական թեկնածուներ` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: