Վերջին շաբաթվա ընթացքում Չինաստանի որոշ նահանգներում անդադար անձրեւների հետեւանքով ավելի քան 30 մարդ է մահացել: Ավելի վաղ հայտնվել էր միայն Գույչժոու նահանգում 11 զոհի մասին: Ըստ  «Սինխուա» գործակալության տվյալների` անձրեւները շարունակվում են  հունիսի վերջից: Անձրեւները հանգեցնում են սողանքների, բնակելի տների  ավերման, հաղորդում է rosbalt.ru-ն:

Ըստ քաղաքացիական վարչակազմի նախարարության հաղորդագրության` ներկայումս անհայտ է մնում եւս չորս մարդու ճակատագիր: Աղետի զոհերի ընդհանուր քանակն ամռան ընթացքում դեռեւս չի  հաղորդվում:

Ըստ որոշ տվյալների` տուժել են ավելի քան 7 միլիոն մարդ, որոնք ապրում են Ցզյանսու, Անխոյ, Հուբեյ, Սիչուան, Գույչժոու նահանգներում: Աղետն ամբողջովին ոչնչացրել է ավելի քան 12 հազար բնակելի կառույց, վնասվել է ավելի քան 64 հազարը: Տնտեսական վնասը կազմել է 3,82 միլիարդ յուան` շուրջ 600 միլիոն դոլար: