Տեղեկությունները, որ Եվրամիությունը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը, իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Եվրամիությունը ոչ միայն չի դադարեցրել Հայաստանին ֆինանսական միջոցների հատկացումը, այլեւ ընդլայնել է այն»,- ասաց Տ. Դավթյանը:

Նախարարի տեղեկացմամբ` Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 15 մլն եվրո դրամաշնորհ: Գումարը տրամադրվում է ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի նախապատրաստական փուլում հաջողված քաղաքականություն վարելու համար: Տ. Դավթյանի տեղեկացմամբ` միջոցները կստացվեն առաջիկա 1-1.5 տարում, 3 տրանշներով: Գումարներն ուղղվելու են պետական բյուջե, որտեղից կֆինանսավորվեն սահմանված ծախսերը: «Ֆինանսավորումն իրականացվում է for more for սկզբունքով` գումար լրացուցիչ արդյունքների համար: Նրանք գնահատել են, որ ավելին ենք արել, քան պարտավորվել ենք անել»,- ասաց Տ. Դավթյանը: