Բարոյականությանը նպաստող եւ մեղքի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ շեյխ Աբդուլ Լաթիֆ աշ-Շեյխը հայտարարել է նոր կանոնների կիրառման մասին` ըստ որոնց կսահմանափակվի իր ենթակաների գործողությունների ազատությունը: Ինչպես հայտնում է  NEWSru.co.il-ը, տվյալ միջոցները պետք է նվազեցնեն կրքերի բորբոքումը բարքերի ոստիկանության շուրջ: Այժմ հոգեւոր ոստիկանության աշխատակիցներին կարգելեն հետապնդել հասարակական անդորրը խախտած կասկածյալներին, հաղորդում է rosbalt.ru-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի իշխանությունները ձեռնամուխ էին եղել տղամարդու մահվան ելքով վթարի հանգամանքների քննությանը, որի մեքենան հետապնդել էին բարքերի ոստիկանները: Ոստիկաններին դուր չէր եկել, որ 34-ամյա Աբդուրրահման ալ-Համիդիի մեքենայի ռադիոն բարձր է միացված եղել: Վարորդը փորձել է թաքնվել, ոստիկաններն էլ հետապնդել են: Արդյունքում վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով ալ-Համիդին զոհվել է, նրա հղի կինն ու երկու երեխաները ծանր վնասվածքներ են ստացել: 

Բացի դրանից, իրարանցում է առաջացրել համացանցում տեղադրված տեսագրությունը առեւտրի կենտրոնի այցելու կնոջ եւ բարքերի ոստիկանության աշխատակցի լեզվակռիվը: Վերջիններս նկատողություն են արել եղունգների լաքի եւ հիջաբի տակից երեւացող մազերի համար: Այն ժամանակ բարքերի ոստիկանության ղեկավարն ընդունել էր, որ իր աշխատակիցները չափն անցել են:

Ավելացնենք, որ Սաուդյան Արաբիայում կանանց նաեւ արգելվում է փողոց դուրս գալ առանց բարեկամի ուղեկցության, դա բավական է անհարիր պահվածքի մեջ մեղադրելու համար: Ըստ Սաուդյան Արաբիայի օրենքների` նույնիսկ խանութում ծանոթանալու փորձը կարող է որակվել որպես սեռական ոտնձգություն: