Հայաստանի ոստիկանության զորքերի տեխնիկայի եւ սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի դեմ  հարուցված զենքի հափշտակության գործը կքննվի դռնփակ: «Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հուլիսի 17-ի դատական նիստում որոշում կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝  դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Դատարանն այսպիսով բավարարեց ամբաստանյալի պաշտպան Հասմիկ Պապյանի միջնորդությունը՝  հաշվի առնելով  պետական ու ռազմական գաղտնիքի հետ առնչվող նյութերի առկայությունը՝  գործը դռնփակ քննելու մասին: Դատարանը գտավ, որ գործում կան  սպառազինությունների, զենքի ու զինամթերքի չափաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք առնչվում են ՀՀ ազգային անվտանգությանը եւ որոշեց գործը քննել դռնփակ: Միաժամանակ դատարանը որոշեց, որ  գործով դատավճռի հրապարակումը կլինի հրապարակային:

Հիշեցնենք, որ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը շահադիտական նպատակով ծառայության շահերին հակառակ օգտագործելու եւ իրեն վստահված գույքը հափշտակելու համար: Ընդ որում, ըստ նախաքննական մարմնի, ոստիկանության գնդապետ Վ. Մանուկյանը հափշտակել է ոչ միայն գույք, այլ նաեւ ռազմամթերք ու իրացրել, ինչպես նաեւ ապօրինի կերպով ձեռք է բերել, ապա պահել հրազեն, ռազմամթերք, կատարել է նաեւ պաշտոնեական կեղծիքներ:

Վ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով` շուրջ 10 դրվագով, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով գույքի յուրացում կատարելու համար (երեք դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար (4 դրվագ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով` երկու դրվագով պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով ռազմամթերքի հափշտակություն կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով ապօրինի կերպով ռազմամթերք պահելու, փոխադրելու եւ իրացնելու համար, իսկ մեկ այլ դրվագով էլ կրկին 235-րդ հոդվածի 1-ին մասով, բայց այս անգամ ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: