Մարդկությունը կարող է առաջիկա 100 տարվա ընթացքում բախվել այլմոլորակայիններին, կարծում են Եվրոպական գիտության բաց համաժողովի մասնակիցներից ոմանք, որն ընթանում է Դուբլինում, հայտնում է The Daily Mail-ը, հաղորդում է NEWSru.com-ը:

Իր ելույթի ընթացքում բրիտանացի աստղաֆիզիկոս Ջոսելին Բել Բերնելը կարծիք է հայտնել, որ մարդկությունն այլ մոլորակներում կյանքի գոյության  ապացույց կարող է ստանալ: «Սակայն պատրա՞ստ ենք արդյոք մենք նման հանդիպման: Մտածե՞լ ենք արդյոք, ինչ անել նրանց հետ: Գուցե մենք պետք է նրանց կենդանաբանական այգի՞ ուղարկենք կամ ուտե՞նք», - հայտարարել է նա:

Ըստ Բերնելի`  այլմոլորակային կյանք կա ածխածնի օքսիդ եւ մթնոլորտում օզոն  ունեցող քարքարոտ մոլորակներում:  «Եթե մենք կարծում ենք, որ Երկրի սահմաններից դուրս կյանք կա, ապա ինչպե՞ս կհայտնենք այլմոլորակայիններին մեր գոյության մասին: Ո՞ւմ հետ նրանք կնախընտրեն խոսել: Լրագրողների՞, վարչապետի՞, թե՞ Հռոմի պապի: Մենք այդ հարցն արդեն հիմա պետք է լուծենք», - կարծում է գիտնականը: Չնայած, նա նշել է, որ եթե անգամ այլ մոլորակներում կյանք հայտնաբերենք, ապա  տասնյակ տարիներ կպահանջվեն նրանց հետ կապ հաստատելու համար:

Ընդ որում, նրա գործընկերներից ոմանք այլմոլորակայինների հետ հանդիպումից դրական ոչինչ չեն ակնկալում:

Հատկանշական է, որ ըստ վիճակագրության, բրիտանացիների 44% -ը հավատում է այլմոլորակայինների գոյությանը, իսկ հարցվածների մեկ երրորդ մասը կարծում է, որ մարդկությունը պետք է զբաղվի վերերկրային բանականության որոնմամբ եւ փորձի նրա հետ կապ հաստատել: